Բջիջը, նրա կառուցվածքը և քիմիական բաղադրությունը

Բջջի կառուցվածքը

Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը:

Բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և ֆունկցիաներով, բայց դրանք բոլորն էլ ունեն կառուցվածքի որոշ ընդհանուր գծեր:

1.Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը

Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները

2. Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46-ական քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Բջիջը ծածկված է մեմբրանով. Վերջինս կազմված է մի քանի շերտ մոլեկուլներից և ապահովում է նյութերի ընտրողական թափանցելիությունը: Ցիտոպլազմայում` բջջի կիսահեղուկ ներքին միջավայրում դասավորված են մանրագույն կառուցվածքները` օրգանոիդները: Բջջի օրգանոիդներն են` էնդոպլազմային ցանցը, ռիբոսոմները, միտոքոնդրիումները, լիզոսոմները, Գոլջիի կոմպլեքսը, բջջակենտրոնը, մեմբրանը: Օրգանոիդները, մարմնի օրգանների նման, կատարում են որոշակի ֆունկցիաներ, որոնք ապահովում են բջջի կենսագործունեությունը: Օրինակ, ռիբոսոմ կոչվող օրգանոիդում, գոյանում են սպիտակուցներ, միտոքոնդրիումներում մշակվում են էներգիայի աղբյուր ծառայող նյութերը:

Բջջի քիմիական բաղադրությունը

Բջջի բաղադրության մեջ մտնում են տարբեր քիմիական միացություններ: Դրանց մի մասը` անօրգանական միացությունները, հանդիպում են նաև անկենդան բնության մեջ: Սակայն բջիջներին առավել բնորոշ են օրգանական միացությունները, որոնց մոլեկուլները շատ բարդ կառուցվածք ունեն:

Բջջի անօրգանական միացությունները

Ջուրը և աղերը անօրգանական միացություններ են: Բջիջներում ամենից շատ ջուրն է: Այն անհրաժեշտ է կենսական բոլոր պրոցեսների համար: Ջուրը լավ լուծիչ է: Ջրային լուծույթում ընթանում է տարբեր նյութերի քիմիական փոխազդեցությունը: Լուծված վիճակում գտնվող սննդանյութերը միջբջջային նյութից մեմբրանի միջով թափանցում են բջջի մեջ: Ջուրը նպաստում է նաև բջջից այնպիսի նյութերի հեռացմանը, որոնք առաջանում են նրանում ընթացող ռեակցիաների հետևանքով:

Աղերը բջիջների ցիտոպլազմայում և կորիզում գտնվում են փոքր կոնցենտրացիաներով, բայց դրանց դերը բջիջների կյանքում շատ մեծ է: Բջջի կենսագործունեության համար առավել կարևոր են K, Na, Ca, Mg աղերը և այլն:

Բջջի օրգանական միացությունները

Բջջի ֆունկցիաների իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է օրգանական միացություններին: Դրանցից ամենամեծ նշանակություն ունեն սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները:

Սպիտակուցները յուրաքանչյուր կենդանի բջջի հիմնական և առավել բարդ նյութերն են: Սպիտակուցային մոլեկուլը չփաերով հարյուրավոր և հազարավոր անգամ գերազանցում են անօրգանական միացությունների մոլեկուլներին: Առանց սպիտակուցների կյանք չկա: Որոշ սպիտակուցներ արագացնում են քիմիական ռեակցիաները, կատարելով կատալիզատորների դեր: Այդպիսի սպիտակուցները անվանում են ֆերմենտներ:

Ճարպերը և ածխաջրերն ավելի պարզ կառուցվածք ունեն: Դրանք բջջի շինանյութերն են և էներգիայի աղբյուր են օրգանիզմի կենսագործունեության պրոցեսների համար:

Նուկլեինաթթուները առաջանում են բջջակորիզում: Այստեղից էլ առաջացել է դրանց անունը (նուկլեուս լատ. նշանակում է կորիզ): Քրոմոսոմների կազմության մեջ մտնելով նուկլեինաթթուները մասնակցում են բջջի ժառանգական հատկությունների պահպանմանը և փոխանցմանը: Նուկլեինաթթուներն ապահովում են սպիտակուցների առաջացումը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s