Փիլիսոփայություն

1 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ

ա) Աշխարհայացքի ընդհանուր բնութագիրը
«Փիլիսոփայություն» բառը ծագել է հին հունական «փիլեո»-սիրել եւ «սոփիա»-իմաստություն բառերից եւ նշանակում է իմաստասիրություն: Որպես մարդկային հոգեւոր մշակույթի առանձին ձեւ այն առաջացել է Հին Հունաստանում մ. թ. ա. VI-V դարերում, շնորհիվ ստրկատիրական դեմոկրատիայի, որտեղ հաստատվել էր քաղաքական եւ հոգեւոր կյանքի, այդ թվում մտքի ազատություն: Փիլիսոփայությունը

աշխարհայացքային գիտություն է: Իսկ աշխարհայացքը մարդու ընդհանուր հայացքներն են աշխարհի եւ իր՝ մարդու մասին: Լինելով բանական էակ, մարդը հնուց հետաքրքրվել է, թե ինչ է աշխարհը (բնությունը, տիեզերքը), իր հիմքում այն նյութական է թե հոգեւոր, ստեղծված է թե ոչ, վերջավոր է թե անվերջ ժամանակի եւ տարածության մեջ, ինչ է մարդը, ինչի համար է նա ապրում, նրա կյանքը իմաստ ունի՞ թե ոչ, ինչպես պետք է նա ապրի, որ նրա կյանքը մարդավայել լինի, կա՞ արդյոք երջանկություն, եթե այո, ապա ո՞րն է այն, հասանելի է, թե ոչ եւ այլն: Աշխարհայացքի հիմնական հարցը մարդու (սուբյեկտի) եւ աշխարհի (օբյեկտի) փոխհարաբերության հարցն է: Այս հարցի լուծումը թույլատրում է պարզել, թե ինչ նշանակություն ունի աշխարհը մարդկային կյանքի համար, ինչ տեղ ու դեր ունի մարդն աշխարհում, որն է նրա կոչումը, ինչպես պետք է նա վերաբերվի աշխարհին եւ այլն: Տվյալ հարցն աշխարհայացքի համար հիմնական է, որովհետեւ իր շուրջն է կենտրոնացնում մյուս բոլոր աշխարհայացքային հարցերը: Աշխարհայացքի ձեւավորման համար մարդուն անհրաժեշտ են լայն գիտելիքներ աշխարհի, այսինքն՝ բնության ու հասարակության ամենաբազմազան երեւույթների եւ իրադարձությունների մասին: Սակայն դա բավական չէ: Նա պետք է գիտելիքներ ունենա նաեւ մարդկային արժեքների մասին, որոնց տեսանկյունից նա արժեւորում է այդ երեւույթներն ու իրադարձությունները: Դրական գնահատման դեպքում գիտելիքներն ընդունվում են մարդու կողմից եւ դառնում են նրա համոզմունքները: Հակառակ դեպքում դրանք մերժվում են: Համոզմունք դարձած գիտելիքներն էլ հանդես են գալիս որպես մարդու հայացքներ, իսկ ընդհանուր հայացքների ամբողջությունը՝ որպես աշխարհայացք: Այսպիսով, աշխարհայացքը աշխարհի մասին մարդու ընդհանուր գիտելիքների եւ արժեքների միասնությունն է: Այն խորապես թափանցում է մարդու էության մեջ, դառնում նրա կյանքի առավել ընդհանուր ուղենիշը: Մարդն ապրում է ու գործում է, ղեկավարվելով իր աշխարհայացքով: Մարդն իր բոլոր արժանիքներով ու թերություններով, իր արատներով այն է, ինչ նրա աշխարհայացքն է: Երբ հայրենասիրությամբ տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարաբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «միացո՜ւմ, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնալու փոխարեն զավթեցին իշխանությունը եւ թալանեցին ու ավերեցին երկիրը, դա եւս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Առաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար թալանի ու հարստացման աղբյուր: Թալանչիները եւս «սիրում» են իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը ոչխարին՝ որպես համեղ պատառ: Մարդկանց աշխարհայացքի մասին պետք է դատել ոչ թե նրանց ասածներից ու գրվածքներից, այլ արարքներից: Մարդկանց, ժողովուրդների ու պետությունների միջեւ կոնֆլիկտներն ու պատերազմները միշտ անմիջականորեն ծագում են նրանց աշխարհայացքների հակադրությունից: Օրինակ, Ադրբեջանի համար գերագույն արժեք է նվաճողականությունը, իսկ հայ ժողովրդի համար՝ իր հայրենի հողի ազատագրումը:

բ) Աշխարհայացքի հիմնական տարատեսակները:
Գոյություն ունի աշխարհայացքի 4 հիմնական տարատեսակ: Առաջինը առօրեական աշխարհայացքն է, որը հատուկ է բոլոր մարդկանց: Այն ծագում է տարերայնորեն մարդկանց կենսափորձից, ունի մակերեսային, անհամակարգ եւ փոփոխական բնույթ: Տարերային է, որովհետեւ ծագում է ինքնաբերաբար մարդկանց կյանքի ընթացքում, առանց որեւէ ուսումնասիրությունների, այդ պատճառով էլ մակերեսային, հակասական ու փոփոխական է: Մակերեսայնությունը չի նշանակում, որ այդտեղ չկան խոր աշխարհայացքային դրույթներ, որոնք մարդկության բազմադարյան փորձի ընդհանրացումներ են: Սակայն դրանք բացառություն են եւ արտահայտվում են ասացվածքների, ժողովրդական իմաստուն ասույթների կամ թեւավոր խոսքերի միջոցով: Դրանցից են, օրինակ, «ինչ կցանես, այն կհնձես», «մի լինիր ուրագի պես, միշտ դեպի քեզ…» եւ այլ ասացվածքները: Աշխարհայացքի տվյալ ձեւը ավելի շուտ համոզմունքների հավաքածու է, որտեղ առանձին դրույթներ երբեմն միմյանց հակասում են, եւ մարդու կենսափորձի փոփոխությանը զուգընթաց փոփոխվում են: Պարզ է, որ պատանու եւ տարեց մարդու աշխարհայացքները նույնական լինել չեն կարող, որովհետեւ նրանց կենսափորձերի միջեւ մեծ տարբերություն կա:
Երկրորդը դիցաբանական աշխարհայացքն է, որը տարածված է եղել տոհմատիրության ուշ շրջանում, ստրկատիրության եւ մասամբ էլ ֆեոդալիզմի ժամանակ: Դիցաբանականը կրոնական հավատալիքների ու գեղարվեստական պատկերների միաձուլման արդյունք է: Այն արտահայտվում է առասպելների ու լեգենդների ձեւով, որոնցից շատերը գեղարվեստի գլուխգործոցներ են եւ, հետեւապես, իշխել են մարդկանց հոգեւոր կյանքում ոչ միայն հավատի ուժով, այլեւ գեղեցիկի հմայքով: Այդպիսիք են առասպելները հին հունական, հռոմեական, հայկական ու մյուս ժողովուրդների աստվածների ու հերոսների մասին (Զեւսի, Աթենասի, Ափրոդիտեի, Յուպիտերի, Վահագնի, Անահիտի, Ծովինարի եւ այլ աստվածների մասին):
Երրորդը կրոնական աշխարհայացքն է, որը հիմնված է հավատի վրա: Կրոնը պատկերացումների մի ամբողջություն է բնական ու գերբնական աշխարհների, գերբնական բարի ու չար ուժերի՝ աստծու եւ սատանայի մասին: Միաժամանակ այն արժեքների մի ամբողջ համակարգ է, խստիվ կանոնակարգում է մարդու կյանքը ծննդյան օրվանից մինչեւ մահը: Ըստ կրոնի, բանականությունը թույլ եւ սահմանափակ է, ուստի պետք է ենթարկվի հավատին, որի առջեւ են միայն բացվում աշխարհի ու կյանքի գերագույն ճշմարտությունները եւ արժեքները:
Չորրորդը փիլիսոփայական աշխարհայացքն է, որն ունի տեսական բնույթ (տեսություն, հին հունարեն «թեորիա» նշանակում է մի որեւէ օբյեկտի ամբողջական ընկալում, ճանաչում) եւ ընդհանրապես տեսական ճանաչողության առաջին պատմական ձեւն է: Փիլիսոփայությունը հիմնված է բանականության, մտածողության վրա, մշակվում է փիլիսոփաների կողմից հատուկ ուսումնասիրությունների շնորհիվ, իր դրույթներն արտահայտում է համընդհանուր հասկացությունների՝ կատեգորիաների միջոցով, իր բովանդակությամբ խորն է եւ համակարգային: Լինելով բանական, տեսական ճանաչողության ձեւ, այն օգտագործում է մտածողության ողջ ապացուցողական ապարատը, ձգտելով ապացուցել իր դրույթները եւ հերքել այլ ուսմունքները: Դրա շնորհիվ այն ներկայանում է որպես փոխկապակցված կատեգորիաների, դրույթների համակարգ, թեեւ հետագայում քննադատները աշխատում են բացահայտել նրա մեջ թաքնված հակասությունները: Համենայն դեպս համակարգայնությունը փիլիսոփայության կարեւորագույն պահանջներից է, այն չի կարող լինել դրույթների պարզ հավաքածու, եթե ցանկանում է մնալ տեսական ճանաչողության ձեւ: Այդ պատճառով էլ ամեն մի փիլիսոփայական ուսմունքի քննադատությունը կատարվում է, բացահայտելով՝ ա) նրա հակասությունը իրականության հետ, երբ իրականությունը մի բան է ցույց տալիս, իսկ ուսմունքը մի ուրիշ բան է ասում, բ) նրա ներքին, տրամաբանական հակասականությունը, երբ նրա մի դրույթը ժխտում է մյուսին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s